ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Ընդդեմ Ցեղասպանության Հանցագործության Հինգերորդ Գլոբալ Ֆորում
դեկտեմբերի 12 – 13, 2024
Երևան
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների վաղ նախազգուշացման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդում
Նախապատմություն և նպատակ
Ցեղասպանությունը և զանգվածային այլ ոճրագործությունները զարհուրելի հանցագործություններ են, որոնց կանխարգելումը սակայն հնարավոր է դրանց համարժեք և վաղ բացահայտման պարագայում: Գոյություն ունեն ազդանշաններ և ընդհանուր ռիսկի գործոններ, ինչպես կառուցվածքային, այնպես էլ դինամիկ, որոնք կարող են հանգեցնել կամ հնարավոր դարձնել ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, էթնիկ զտումների իրականացումը:
Ռիսկի գործոնների բացահայտումից հետո հնարավոր կլինի սահմանել այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեն պետությունների և միջազգային հանրության կողմից՝ նվազեցնելու ոճրագործությունների իրականացման հավանականությունը:
Մինչդեռ, վերջին տարիների ողբերգական իրադարձությունները ակնհայտ են դարձնում, որ անգամ, երբ ցեղասպանությունների և այլ ոճրագործությունների ռիսկի գործոնները նույնականացվում են, միջազգային մեխանիզմները հաճախ կամ ընդհանրապես բացակայում են և կամ էլ ի զորու չեն լինում ժամանակին և համարժեք արձագանք տալ:
Այսօր աշխարհը առերեսվում է բազմաթիվ վտանգավոր միտումների, որոնք կարող են հանգեցնել զանգվածային ոճրագործությունների: Վերջիններիս թվում են առկա խնդիրները ուժի կիրառման միջոցով լուծելու փորձերը:
Բռնության և անմարդկային արարքների շրջափուլը ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալ հանցագործություններով՝ միջազգային մարդասիրական օգնության և համապատասխան կազմակերպությունների տեղում ներկայության արգելք, որպես պատերազմ վարելու միջոց բնակչության շրջափակում և սովի մատնում, բռնի տեղահանություն և մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումներ։
Վերոգրյալը ոչ միայն միջազգային և մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների, այլ նաև բազմակողմ համակարգում խորացող ճգնաժամի արտացոլումն է, դրանց թե՛ նորմատիվ հիմքերի, թե՛ գործառնական հնարավորությունների առումով։
Մարտահրավերները, որոնց առերևսվում է բազմակողմ քաղաքականությունը դառնում են հատկապես տեսանելի՝ սկսած համաշխարհային սպառնալիքներին դիմակայելու ձախողումից, մինչև ցեղասպանությունները և այլ զանգվածային ոճրագործությունները հասցեագրելու և կանխելու անկարողությունը։
Գոյություն ունեն ակնհայտ ապացույցներ, որ ավելի արդյունավետ վաղ ազդարարումը հանգեցնում է մոտալուտ ոճրագործություններին ՄԱԿ-ի առավել արդյունավետ պատասխանի։
Սակայն ՄԱԿ վաղ ազդարարման չափազանց բարդ մեխանիզմների զարգացմանը զուգահեռ գրանցվեցին նաև ձախողումներ՝ սկսած 1994թ․ Ռուանդայի ցեղասպանությունից, ինչը սակայն իր հերթին մեծապես ազդեց առավել արդյունավետ համակարգ մշակելու ջանքերի վրա։
2004թ․ Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ հատուկ խորհրդականի գրասենյակի հիմնումը շրջադարձային եղավ հատկապես ոճրագործությունների վաղ նախազգուշացման համատեքստում։ 2009թ․ Հատուկ Խորհրդականի Գրասենյակը մշակեց ցեղասպանության ռիսկի վերլուծությունների շրջանակ, դրանով առավել նպաստելով ոճրագործությունների բացահայտմանը:
Վաղ նախազգուշացումը ներառում է երեք բաղադրիչ՝ տեղեկության հավաքագրում, տեղեկության վերլուծություն և որոշում կայացնողներին տեղեկության փոխանցում՝ վաղ արձագանքումն ապահովելու համար:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի միջազգայի խաղաղության և անվտանգության պահպանման առաջնային պատասխանատվություն և որպես այդպիսին այն պարտավոր է դիտարկել ոճրագործությունները կանխարգելելու և նմանատիպ հանցագործությունների համար միջազգային պատասխանատվությունն ամրապնդելու՝ իր տրամադրության տակ եղած գործիքներն ավելի արդյունավետ կերպով օգտագործելու ուղիներ։
ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունները այս համակարգի առավել լայնածավալ և տեսանելի ներդրումն է, որն ուղղված է վաղ նախազգուշացումը վաղ գործողությունների վերածելուն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարի գրասենյակը կարող են զգալի ներդրում ունենալ վաղ նախազգուշացման ջանքերում և կարևոր կանխարգելիչ դեր խաղալ կարողությունների ապահովման և փաստահավաք առաքելությունների անհապաղ տեղակայման միջոցով, որոնք նունպես կարող են թուլացնել լարվածությունը։
Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը, ՄԱԿ-ի պայմանագրային մարմինները, հատուկ ընթացակարգերի մանդատակիրները՝ ցեղասպանության և այլ ոճրագործությունների վաղ նախազգուշացման նշանները նույնականացնելու անփոխարինելի դերակատարներից են։
2024թ․ ՄԱԿ-ի Մարդու իրավուքների խորհրդի Ցեղասպանության կանխարգելման բանաձևն ընգծում է, որ վաղ նախազգուշացումը պետք է փոխկապակցված լինի ցեղասպանության կանխարգելման հետ։ Այն նաև առաջարկում է Գլխավոր քարտուղարին կազմել հաջորդող զեկույց և առաջարկներ՝ հիմնվելով պետությունների և այլ շահառուների տրամադրած տեղեկության վրա՝ մասնավորապես ուշադրություն դարձնելով վաղ նախազգուշացմանը և ցեղասպանության կանխարգելմանը։
Այս առումով, Գլոբալ Ֆորումի իրականցումը կխթանի համապատասխան տեղեկության հավաքագրման և քաղաքականության իրականացման վերաբերյալ առաջարկներ գեներացնելուն, որոնք կնպաստեն վերոնշյալ զեկույցի պատրաստմանը։
Ընդդեմ Ցեղասպանության Հինգերորդ Գլոբալ Ֆորումը կվերլուծի վաղ ազդարարման և ժամանակին գործելու մարտահրավերները և այն ճանապարհները, որոնք ի զորու են ամրապնդել ցեղասպանության և այլ ոճրագործությունները հասցեագրելու համատեքստում միջազգային մեխանիզմների արդյունավետությունը։
Այն կանդրադառնա ՄԱԿ-ի գլոբալ դերակատարությանը՝ իր մարմիների միջոցով (Անվտանգության խորհուրդ, Գլխավոր ասամբլեա, Մարդու իրավունքների խորհուրդ, Արդարադատության միջազգային դատարան) զանգվածային ոճրագործությունները կանխարգելելու գործում և կկենտրոնանա այլ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տարածաշրջանային կառույցների ցեղասպանության կանխարգելման օրակարգում ունեցած ներդրումների վրա։ Վերջին տասնամյակների ընթացքում, հակամարտությունների ռիսկի վերլուծությունը որպես կարևորագույն բաղադրիչ ցեղասպանության իրականացման ռիսկի գնահատման գործում ընդգրկվել է Եվրոպական Միության, Աֆրիկյան Միության, ԵԱՀԿ, ինչպես նաև մի շարք միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների (Միջազգային ահազանգ, Միջազգային ճգնաժամային խումբ) և պետությունների կողմից կառավարվող ցանցերի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական կառույցների օրակարգում։
Ֆորումը նաև քննարկելու է վաղ նախազգուշացման և վաղ արձագանքման հարցերում պետությունների առավել մեծ ջանքերի գործադրման հնարավորությունները։ Այս կապակցությամբ փոքր պետությունների ներդրումները առավել կըդգծվեն՝ ցույց տալու, որ ցեղասպանության աղետի կանխարգելման համար միջազգային ջանքերը պահանջում են բոլոր շահառուների համատեղ գործություններ՝ առանց տարբերակելու վերջիններիս չափը կամ կարողությունը։ Ցեղասպանության կանխարգելումը հիրավի համընդհանուր մարտահրավեր է և պետք է հասցեագրվի միասնական և համատեղ կերպով:
Մասնակիցներ
Համաժողովը մեկ վայրում կհամախմբի պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ներառյալ ՄԱԿ-ի ներկա և նախկին պաշտոնյաների, ինչպես նաև տարածաշրջանային կառույցների, մարդու իրավունքների հարցերով ազգային կառույցների, քաղաքացիական հասարակությանը, ակադեմիական համայնքի փորձագերների, հետազոտողների և գիտնականների։
Կազմակերպչական հարցեր
Ֆորումի կայքում հասանելի կլինի ընթացիկ և նախորդ գլոբալ ֆորումների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը:
5-րդ Գլոբալ ֆորումը կմեկնարկի 2024 թվականի դեկտեմբերի 12-ին և կնվիրվի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունմանը և Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան, որը նշվում է յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 9-ին, ինչպես սահմանված է Հայաստանի կողմից նախաձեռնած ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 69/323 թվակիր բանաձևում։
Միջոցառումը կազմակերպվում է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի աջակցությամբ և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի և Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողության (GAAMAC) հետ սերտ համագործակցությամբ:
Առաջարկվող թեմատիկ նիստեր
Օր առաջին (12 դեկտեմբերի, 2024)
Ֆորումի բացում. Բարձրաստիճան հատված
Նիստին ելույթներով հանդես կգան միջոցառման բարձրաստիճան հյուրերն ու պաշտոնյաները:
Լիագումար նիստ. Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նախազգուշացման նշանների և ռիսկի գործոնների բացահայտում: Փոքր պետությունների դերը ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման գործում:
Նիստը նվիրված կլինի ցեղասպանության և այլ ոճրագործությունների մասին նախազգուշացնող նշանների և ընդհանուր ռիսկի գործոնների, վտանգավոր միտումների, բռնությունների և անմարդկային այն գործողություններին, որոնք կարող են հանգեցնել ոճրագործությունների:
Նիստի նպատակն է նաև պատասխանել այն հարցին, թե ինչպիսի ներդրում կարող են ունենալ փոքր պետությունները ցեղասպանության կանխարգելման օրակարգի ձևավորման գործում։
Առաջին թեմատիկ քննարկում: ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման մեխանիզմների մշակում
Թեմատիկ քննարկման ընթացքում վեր կհանվեն անցյալում տեղի ունեցած այն ցեղասպանություններն ու ոճրագործությունները, որոնք հիմք են հանդիսացել կանխարգելման մեխանիզմների և ինստիտուտների ստեղծման համար, անդրադարձ կկատարվի նաև վերջիններիս զարգացման պատմությանը:
Տասնամյակների ընթացքում վաղ նախազգուշացման ձախողումների հետ մեկտեղ մշակվել են վաղ նախազգուշացման ընդգրկուն մեխանիզմներ:
Ինչի՞ց է բաղկացած վաղ նախազգուշացման համակարգը և ինչպե՞ս է այն գործում:
Երկրորդ թեմատիկ քննարկում: ՄԱԿ-ի վաղ արձագանքման համակարգ. գործառնական և քաղաքականության ներդաշնակությունը բարելավելու անհրաժեշտություն (պաշտպանված խմբերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքեր):
Թեմատիկ նիստի ընթացքում կքննարկվեն ՄԱԿ-ի վաղ արձագանքման գործիքները (Անվտանգության խորհուրդ, ՄԻԲՀԳ, խաղաղարար գործողություններ, փաստահավաք առաքելություններ), անդրադարձ կարվի վերջիններիս արդյունավետությանը կոնֆլիկտային իրավիճակների դեէսկալացիայի ժամանակ: Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի Անվտանգության խորհրդի մշտական անդամների, զանգվածային ոճրագործությունների դեպքում, վետոյի կիրառությունից զերծ մնալու նախաձեռնությունը։
Նիստի ընթացքում մասնակիցները մտքեր կփոխանակեն ռասայական, էթնիկ և կրոնական խմբերին սպառնացող վտանգներից պաշտպանելու, ինչպես նաև ռասիզմի և այլատյացության վերացման ուղիների վերաբերյալ:
Թեմատիկ քննարկման ընթացքում անդրադարձ կկատարվի նաև արդարադատության և հաշվետվողականության դերին մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում, ինչպես նաև տարբեր դերակատարների միջև համագործակցությանը (Անվտանգության խորհուրդ, Միջազգային քրեական դատարան, Արդարադատության միջազգային դատարան, մարդու իրավունքների համակարգ, իրավունքի փափուկ մեխանիզմներ, քաղաքացիական հասարակություն, լրատվամիջոցներ):
Օր երկրորդ (դեկտեմբերի 13, 2024)
Երրորդ թեմատիկ քննարկում: Այլ միջազգային դերակատարներ. Զանգվածային ոճրագործությունների ռիսկերի/սպառնալիքների գործոնների բացահայտում և վաղ գործողություններ այն դեպքերում, երբ կարող են պահանջվել կանխարգելիչ միջոցառումներ:
Թեմատիկ երրորդ քննարկումը նվիրված կլինի միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանային, ենթատարածաշրջանային, ազգային և տեղական դերակատարների գործունեությանը, ինչպես նաև աշխարհի առավել զարգացած տնտեսությունների դերակատարությանը, կանխելու ցեղասպանություններն ու այլ ոճրագործությունները ձեռնարկելով հստակ միջոցներ, ինչպիսիք են մշտադիտարկումը, հաշվետվողականությունը, հակամարտությունների կանխումը և լուծումը:
Չրրորդ թեմատիկ քննարկում: Առկա բացեր և մարտահրավերներ, ապագայի անելիքներ:
Չորրորդ թեմատիկ քննարկման ընթացքում անդրադարձ կլինի միջազգային իրավական և քաղաքական շրջանակում առկա բացերին, մարտահրավերներին ու սպառնալիքներին, որոնք հանգեցնում են կոտագույն խախտումների և ամենալուրջ միջազգային հանցագործությունների, ինչպիսիք են ատելության խոսքը, շրջափակումը և այլն, որոնք դեռևս Ժնևյան կոնվենցիաներով չունեն համապարփակ վերահսկողություն:
Նիստի ընթացքում ուշադրության կարժանանա զանգվածային ոճրագործությունների վաղ նախազգուշացման մեխանիզմների զարգացման և կիրառման պարբերական կերպով ուսումնասիրման խնդիրը, ինչպես նաև անդրադարձ կարվի այն ազդեցությանը, որ վերջիններս ունեցել են զանգվածային ոճրագործությունների դեպքերի ՄԱԿ-ի կողմից արձագանքմանը:
Եզրափակիչ նիստ: Ֆորումը կավարտվի նախագահողի ամփոփմամբ
Համերգ՝ նվիրված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 76-ամյակին.