Ընդդեմ ցեղասպանության հանցագործության 5-րդ Գլոբալ Ֆորում. օր 2
Դեկտեմբերի 13-ին Երևանում ավարտվեց «Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների վաղ նախազգուշացման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդում» խորագրով Ընդդեմ ցեղասպանության հանցագործության 5-րդ Գլոբալ Ֆորումը։
Պանելային քննարկումներին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաններ, փորձագետներ, գիտնականներ` Ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների կանխարգելիչ միջոցառումները, միջազգային իրավական և քաղաքականության շրջանակներում առկա բացերը և միջազգային հանցագործությունները քննարկելու նպատակով: Անդրադարձ է կատարվել նաև զանգվածային ոճրագործությունների վաղ նախազգուշացման մեխանիզմների էվոլյուցիային վերաբերող հարցերին։
Եզրափակիչ խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստնայանը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը իր երախտագիտությունն է հայտնել բոլոր զեկուցողներին հետաքրքիր և բովանդակային քննարկումների համար: Անդրադառնալով թեմատիկ քննարկումներին՝ Վահան Կոստանյանն ընդգծել է ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման գործում միանման քաղաքականություն որդեգրած փոքր պետությունների առաջնորդության կարևորությունը` նշելով, որ «մենք ենք միջազգային հանրությունը, և մենք պետք է ապահովենք միջազգային իրավունքի կիրառումը»: