ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՕՐԱԿԱՐԳ
Ցեղասպանությունների և այլ ոճրագործությունների կանխարգելման խնդիրները Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Հայաստանի Հանրապետությունն իր ակտիվ դերակատարումն ունի ցեղասպանությունների և մարդկության հանդեպ գործած այլ ոճրագործությունների դեմ ուղղված միջազգային պայքարում:
Այս ջանքերի հիմնական ուղղվածությունն է՝ անպատժելիության դեմ պայքարը, ճշմարտության վերականգնումը, ցեղասպանության հիմնարար պատճառների բացահայտումը, վաղ կանխարգելման մեխանիզմների հիմնումը, անցյալում գործած ցեղասպանությունների մասին ուսուցումն ու զոհերի հիշատակի հարգումը:
Հայաստանը նախաձեռնել և կազմակերպում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումները: Դրանք տեղի են ունեցել 2015, 2016, 2018 և 2022 թվականներին:
Հայաստանը շարունակում է համագործակցել Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողություն նախաձեռնություն միջազգային ցանցի (GAAMAC) և տվյալ հարցով զբաղվող այլ հարթակների հետ:
Ցեղասպանությունների կանխարգելման և դրանց կրկնությունը բացառելու նպատակով Հայաստանն աշխատանքներ է տանում ՄԱԿ տարբեր կառույցներում, մասնավորապես, վերջին տարիների ընթացքում ՀՀ նախաձեռնությամբ ՄԱԿ-ում տեղի են ունեցել ցեղասպանությունների կանխարգելման հարցով մի քանի բարձրաստիճան քննարկումներ ՀՀ արտաքին գործերի նախարարի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի, Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի ԳՔ հատուկ խորհրդականի, հայտնի ցեղասպանագետների մասնակցությամբ:
Հայաստանը՝ կարևորելով ցեղասպանության կանխարգելման հարցը ակտիվ բարձրաձայնում է այս խնդիրը ՄԱԿ-ի տարբեր ընթացակարգերի, այդ թվում Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի միջոցով:
Հայաստանի կողմից իրականացվող մյուս կարևոր աշխատանքը դա ՄԱԿ շրջանակում Ցեղասպանության կանխարգելման թեմայով բանաձևերի ներկայացումն է:
Հայաստանի Հանրապետության կողմից Միավորված ազգերի կազմակերպության շրջանակում Ցեղասպանության կանխարգելման թեմայով բանաձևերի ներկայացման պատմությունը
Միավորված ազգերի կազմակերպության շրջանակում բանաձև նախաձեռնելն ու անցկացնելը ծանրակշիռ ներդրում է միջազգային ասպարեզում կարևորություն ներկայացնող այս կամ այն հարցը ներկայացնելու համար:
ՄԱԿ-ի համակարգում առաջադրվող բանաձևերը` ձևավորելով անդամ երկրների վարքագծի նոր կանոններ, իրականում երկակի դեր են ունենում. առաջինը` դրանք կարող են իրավունքի մշակման գործընթացի մի փուլ լինել, ինչն իր հերթին կարող է հանգեցնել միջազգային հանրային իրավունքի նորմերի ձևակերպման և երկրորդը` խորհրդատվական բնույթ ունենալով, դրանք այնուամենայնիվ, դառնում են միջպետական հարաբերությունների կարգավորման գործիք: Հետևաբար, չնայած ՄԱԿ-ի շրջանակում ընդունվող բանաձևերը խորհրդատվական բնույթ են կրում, դրանք մեծ ազդեցություն են ունենում միջազգային իրավունքի ձևավորման գործընթացի վրա, մասնավորապես, եթե բանաձևի տեքստը կոնսենսուսային է:
Այն փաստը, որ ցեղասպանության կանխարգելման թեմայով բանաձևեր ներկայացվում էին հենց Հայաստանի կողմից բնականաբար խորհրդանշական էր, քանի որ կար հստակ գիտակցում այն բանի, որ դա ներկայացվում է ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ներկայացնող երկրի կողմից։
Ցեղասպանության խնդրին վերաբերող առաջին բանաձևը Հայաստանը ներկայացրել է դեռևս 1998 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում: Այն վերաբերել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 50-ամյակին: Բանաձևը ներկայացնելու գաղափարը և նախաձեռնությունը պատկանել է Արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Մելիք-Շահնազարյանին:
Այս բանաձևը նույն տարում դրվել և առանց քվեարկության ընդունվել է նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում` GA resolution 53/43 (ընդունվել է 1998 թվականի դեկտեմբերի 2-ին): Բանաձևի հիմնական նպատակն էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Կոնվենցիայի ընդունման փաստին, ինչպես նաև կոչ անել անդամ երկրներին ապահովել Կոնվենցիայի ուսումնասիրումն ու տարածումը: Հաջորդիվ ներկայացված չորս բանաձևերը բովանդակային առումով ավելի կատարելագործվեցին և ընդլայնվեցին: Կարևորագույն ձեռքբերումներից մեկն էր, որ առաջին իսկ բանաձևից Հայաստանին հաջողվեց տեքստում ամրագրել համապատասխան հղում՝ Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին 1968 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիային:
Այդ բանաձևերը մինչև 2005 թվականը ներառյալ աշխատանքային ծրագրի համաձայն ներկայացվել են երկու տարին մեկ հաջորդականությամբ:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի կողմից Մարդու իրավունքների հանձնաժողովի շրջանակում նախաձեռնված և միաձայն ընդունված բանաձևերն ըստ տարեթվերի.
1998 թվականի ապրիլի 3-ի թիվ 1998/10 բանաձև՝ նվիրված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի հիսունամյակին»;
1999 թվականի ապրիլի 28-ի թիվ 1999/67 բանաձև՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վերաբերյալ»;
2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 2001/66 բանաձև «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վերաբերյալ»;
2003 թվականի ապրիլի 24-ի թիվ 2003/66 բանաձև «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վերաբերյալ»;
2005 թվականի ապրիլի 20-ի թիվ 2005/62 բանաձև «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վերաբերյալ»:
Հետագայում ՄԱԿ-ում կատարված կառուցվածքային վերափոխումների արդյունքում Մարդու իրավունքների հանձնաժողովը վերափոխվեց Մարդու իրավունքների խորհրդի, և Հայաստանը 2008 թվականին ներկայացրեց բանաձև արդեն այդ շրջանակում:
Այդ տարվանից սկսած ՀՀ կողմից ներկայացվող բանաձևերը բովանդակային լուրջ փոփոխության ենթարկվեցին, մասնավորապես, 2008 թվականին Մարդու իրավունքների խորհրդի շրջանակում դրված բանաձևը ներկայացրեց կանխարգելման կոնցեպցիան, առաջ քաշելով պետությունների պատասխանատվության հարցը: Բանաձևին համահեղինակեցին 61 պետություն:
Ստորև ներկայացնում ենք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ընդունված բանաձևերն ըստ տարեթվերի.
- 2008 թվականի մարտի 28-ի թիվ 7/25 «Ցեղասպանության կանխարգելում» բանաձև;
- 2013 թվականի մարտի 22-ի թիվ 22/22 «Ցեղասպանության կանխարգելում» բանաձև;
- 2015 թվականի մարտի 27-ի թիվ 28/34 «Ցեղասպանության կանխարգելում» բանաձև;
- 2018 թվականի մարտի 23-ի թիվ 37/26 «Ցեղասպանության կանխարգելում» բանաձև;
- 2020 թվականի հունիսի 22-ի թիվ 43/29 «Ցեղասպանության կանխարգելում» բանաձև;
- 2022 թվականի մարտի 31-ի թիվ 49/9 «Ցեղասպանության կանխարգելում» բանաձև
2013 թվականի բանաձևի տեքստը ենթարկվեց զգալի փոփոխությունների, միևնույն ժամանակ պահպանելով հարցի վերաբերյալ հիմնական մոտեցումները` կանխարգելում, պաշտպանություն և պատժի սահմանում կատարված հանցագործության համար:
Տեքստային նորամուծություններից շատերը զգալիորեն հարստացրեցին և արդիականացրեցին բանաձևը: Դրանց թվում կարելի է նշել հետևյալները.
- Ճշմարտության իրավունքի սկզբունքի ներառում, ինչը ենթադրում է ճշմարտության ներկայացում մարդու իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ:
- ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացի շրջանակում ցեղասպանության կանխարգելման խնդրի բարձրացում;
- Ցեղասպանության կրթությանը վերաբերող հարցերի խթանում;
- Ցեղասպանության զոհերի հիշատակի օրերի սահմանում;
- Տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մակարդակով համագործակցության հաստատում:
Արդյունքում, բանաձևը համահեղինակեց ՄԱԿ-ի 60 պետություն:
Հաջորդիվ «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ներկայացվեց 2015 թվականին: 2013 թվականին ՀՀ կողմից առաջադրած և կոնսենսուսով ընդունված բանաձևը հիմք հանդիսացավ, որպեսզի նշված տեքստը նորացված և արդիականացված տեսքով առաջադրվի արդեն 2015 թվականին։ Այս անգամ ևս բանաձևի տեքստում եղան շատ կարևոր նորամուծություններ, որոնք զգալի հետք թողեցին ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման քաղաքականության մշակման և իրականացման վրա: Նշված նորամուծություններից են, մասնավորապես՝
- Ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման անհրաժեշտությունը;
- Դատապարտում է ժխտողականության քաղաքականությունը` դիտարկելով ցեղասպանությունը որպես մարդկության դեմ գործած ամենազազրելի հանցանք, ցույց տալով պատճառահետևանքային կապն անպատժելիության և ժխտողականության միջև, ինչը դառնալով պետության քաղաքականության մաս ի վերջո խոչընդոտում է ժողովուրդների միջև հաշտեցման գործընթացը;
- Առաջարկում է Գլխավոր ասամբլեային դեկտեմբերի 9-ը սահմանել որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օր;
- Մշակել ցեղասպանության կանխարգելման հարցերով համակարգողների ցանկ և այլն:
2015 թվականի բանաձևը ևս ընդունվեց առանց քվեարկության և այն համահեղինակեց 72 պետություն:
2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 69-րդ նստաշրջանին կոնսենսուսով ընդունեց Հայաստանի կողմից նախաձեռնած՝ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու վերաբերյալ բանաձևը: Նշված բանաձևը համահեղինակեց 84 պետություն:
«Ցեղասպանության կանխարգելում» թեմայով բանաձև ընդունվել է նաև 2018 թվականի մարտին` 64 երկրների համահեղինակությամբ: Քանի որ 2018 թվականին լրանում էր Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակը, ապա բանաձևի տեքստում անդրադարձ է արվել այս կարևոր տարեդարձին: Հենց այս կարևոր իրադարձությունը հաշվի առնելով է նաև Հայաստանն առաջարկել 2018 թվականի սեպտեմբերին կայանալիք Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի շրջանակում կազմակերպել Կոնվենցիայի 70-ամյակին նվիրված բարձրաստիճան քննարկում, որին բացման խոսքով ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը:
Հաջորդ բանաձևը միաձայն ընդունվել է 2020 թվականի հունիսի 22-ին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանում: 66 երկրների համահեղինակմամբ ընդունված բանաձևի թարմացված տեքստը ներառել է բազմաթիվ նոր դրույթներ. ի թիվս այլոց, ընդգծվել է այն իրողությունը, որ ցեղասպանության վտանգ կա այն երկրներում, որտեղ զանգվածային կերպով խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում, թիրախավորվում և հետապնդվում են էթնիկ, ռասայական, ազգային կամ կրոնական փոքրամասնությունները: Այս համատեքստում ուշադրություն է հրավիրվել ցեղասպանության այնպիսի վաղ ազդակների վրա, ինչպիսին են քաղաքական գործիչների կողմից նշված խմբերի հանդեպ ատելության խոսքի տարածումն ու նրանց իրական կերպարի աղավաղումը: Նշվել է ազգային, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների մշակութային և հոգևոր ժառանգության ու պատմական հուշարձանների պահպանման կարևորությունը: Փաստաթղթով դատապարտվում է նաև կանանց և աղջիկների հանդեպ ցեղասպան գործողությունները և նրանց որպես ցեղասպանության գործիք օգտագործելու պրակտիկան:
2021 թվականի փետրվարի 10-ին Ժնևում տեղի ունեցավ Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) միջնստաշրջանային հանդիպումը, որը նախաձեռնվել էր Հայաստանի կողմից:
«Ցեղասպանության կանխարգելում» թեմայով ամենաթարմ բանաձևն ընդունվել է 2022 թվականի մարտի 31-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի ընթացքում՝ կրկին կոնսենսուսով: Հայաստանի կողմից առաջադրված բանաձևը լայն աջակցություն է վայելում, ինչի վկայությունն է բոլոր հինգ տարածաշրջանային խմբերը ներկայացնող թվով 66 երկրների կողմից դրա համահեղինակումը: 2022 թվականի բանաձևն առաջ է քաշում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հակամարտության ռիսկերի գնահատման և դրանք թույլ չտալուն ուղղված քայլերի ձեռնարկումը, նոր տեխնոլոգիաների չարաշահումը, այդ թվում` սոցիալական հարթակների միջոցով ապատեղեկատվության տարածման վտանգները, վերահաստատում է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի համընդհանուր վավերացումն ապահովելու անհրաժեշտությունը: Բանաձևն առաջարկում է ՄԱԿ-ի շրջանակում կազմակերպել համաժողով, որը նվիրված կլինի Կոնվենցիայի 75-ամյակին: Համաժողովի ընթացքում նախատեսվում է նաև քննարկել սոցիալական հարթակների և դրանք որպես ատելության գործիք օգտագործելու անթույլատրելիությունը: