ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՖՈՐՈՒՄԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ

Ընդդեմ ցեղասպանության հանցագործության 5-րդ գլոբալ ֆորումը տեղի կունենա Մատենադարանում՝ Մեսրոպ Մաշտոցի
անվան հին ձեռագրերի ինստիտուտում։

Հասցե՝  Մաշտոցի պողոտա 53,
Երևան 0009, Հայաստանի Հանրապետություն
Էլ․ փոստ՝ contact@matenadaran.am
Կայք՝ www.matenadaran.am

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը բացառիկ է իր ձեռագրերի հավաքածուով և հայապահպանությանն ուղղված իր գործունեությամբ: Նրանում ամփոփված է հայ գրավոր մշակույթի (և ոչ միայն հայ, այլ նաև օտար ազգերի գրավոր մշակույթի) պատմությունը:
«Մատենադարան» բառը նշանակում է ձեռագրերի պահոց՝ մատյանների դարան, հավաքածու: Այսօրվա հայի գիտակցության մեջ այն ընկալվում է և’ որպես ժողովրդական կենսափորձի, և’ որպես իմաստնության խտացում` նրանում տեսնելով իր հավերժության առհավատչյան:
Մատենադարանն ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից` հայոց այբուբենի ստեղծումից հետո` դեռևս 5-րդ դարում, երբ կատարվել են հայերեն առաջին թարգմանությունները և ձևավորվել է հայոց մատենագրությունն իր առանձին ժանրերով: Հենց նույն դարում էլ ստեղծվել է առաջին գրապահոցը Վաղարշապատում` Էջմիածնի կաթողիկոսարանին կից, ինչի մասին վկայում է Ղազար Փարպեցին: Բացի Էջմիածնից, Հայաստանի այլ վայրերում և տարբեր երկրների հայաշատ բնակավայրերում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր մատյաններ, որոնք պահվել են վանքերի ու մենաստանների մատենադարաններում։ Էջմիածնի կաթողիկոսական Մատենադարանի և Հայաստանի ու աշխարհի տարբեր երկրների գրչության կենտրոններում ստեղծված ու պահպանված ձեռագրերի հիմքի վրա էլ ձևավորվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը: Սակայն այն, ինչն այսօր պահվում է Մատենադարանում, հայերեն պահպանված ձեռագրերի մի մասն է կազմում, քանի որ դարերի ընթացքում բազմաթիվ ձեռագրեր ոչնչացվել և առևանգվել են:
Էջմիածնի Մատենադարանը, որի հիմքի վրա ձևավորվել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, պետականացվել է 1920 թ. դեկտեմբերին, որից միայն երկու տարի անց` 1922 թ. ապրիլին, Մոսկվայից Հայաստան է վերադարձվել 4060 ձեռագիր:  Էջմիածնից Մատենադարանը Երևան է տեղափոխվել 1939 թ. և տեղակայավել է Հանրային գրադարանում: 1945 թ. ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով սկսվել է շենքի շինարարությունը, որն ավարտվել է 1957 թ. և Մատենադարանը հաստատվել է նորակառույց շենքում: 1959 թվականի մարտի 3-ին Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ Մատենադարանը վերածվում է գիտահետազոտական ինստիտուտի` ձեռագրերի գիտական պահպանության, բնագրերի ուսումնասիրման, հրատարակության և թարգմանության բաժիններով. 1962 թ. այն անվանակոչվում է Մեսրոպ Մաշտոցի անունով։
Ներկայումս Մատենադարանի գլխավոր մասնաշենքը վերածվել է թանգարանային համալիրի` հնարավորություն ստանալով ավելի շատ ցուցադրություններ ներակայացնելու: Նախկին 1 ցուցասրահին այսօր փոխարինում է 15-ը: Գիտական բաժինների համար կառուցվել է նոր մասնաշենք, որը շահագործման է հանձնվել 2011 թ. սեպտեմբերի 21-ին: Նորակառույցի հեղինակը ճարատարապետ Արթուր Մեսչյանն է:
Մատենադարանում կենտրոնացված շուրջ 23.000 ձեռագիր միավորներն ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները՝ պատմություն, աշխարհագրություն, քերականություն, փիլիսոփայություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն, գուշակային գրականություն, թարգմանական ու ազգային գրականություն, մանրանկարչություն, երաժշտություն և թատրոն: Այստեղ հայերենից բացի պահվում են արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, եբրայերեն և այլ լեզուներով ձեռագրեր։ Միջնադարյան թարգմանութունների շնորհիվ կորստից փրկվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք չեն պահպանվել մայր լեզուներով անգամ և հայտնի են միայն հայերեն թարգմանությամբ։ Ավելի մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք այցելել Մատենադարանի պաշտոնական կայքը։

ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ (ՎԻԶԱ)

Հայաստան մուտքի արտոնագիր (վիզա) ստանալու մասին տեղեկատվությունը հասանալի է հետևյալ հղումով։